Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ առանցքային պաշտոնները՝ կանանց ու տղամարդկանց հավասարապես

ԵՄ առանցքային պաշտոնները՝ կանանց ու տղամարդկանց հավասարապես
04.07.2019 | 11:33

Եվրահանձնաժողովի նախագահ կդառնա Գերմանիայի ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: ԵՄ դիվանագիտությունը կղեկավարի Իսպանիայի ԱԳ նախարար Խոսեպ Բորելը, ֆրանսուհի Քրիստին Լագարդը ԱՄՀ-ի նախագահի պորտֆելը կփոխարինի Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահի պորտֆելով: ԵՄ առանցքային պաշտոնների թեկնածուների մասին հուլիսի 2-ին եռօրյա բանակցություններից հետո հայտարաեց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: ԵՄ առանցքային պաշտոնների թեկնածուներին ԵՄ 28 երկրների ղեկավարները քննարկում էին կիրակի օրը՝ հունիսի 20-ի անհաջող փորձից հետո:


Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված՝ 60-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արդեն 6 տարի Գերմանիայի ՊՆ նախարարն է: Անգելա Մերկելի մերձավոր զինակցին շատերը համարում էին նրա իրավահաջորդ կանցլերի պաշտոնում: Ուսուլա ֆոն դեր Լյայենը հիանալի տիրապետում է ֆրանսերենին և հեղինակություն է վայելում Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում՝ պաշտպանության ոլորտում բազմամյա համագործակցության շնորհիվ:


ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը դարձավ ԵՄ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու: 63-ամյա ֆրանսուհին նախկինում եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների առաջին կին նախարարը: Մասնագիտությամբ՝ իրավաբան նաև նաև առաջին կինն է, որ ղեկավարել է ամերիկյան մեծ իրավաբանական ընկերություն:
ԵՄ մշտական ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում համաձայնեցվեց Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի թեկնածությունը: 46-ամյա լիբերալը համարվում է քաղաքական կոմպրոմիսի վարպետ: Նրան կարելի է համարել ԵՄ ՙժառանգական՚ ղեկավար՝ նրա հայրը՝ Լուի Միշելը եղել է եվրահանձնակատար: Եվրոպական դիվանագիտությունը ԵՄ-ն առաջարկեց ղեկավարել իսպանացի սոցիալիստ Խոսեպ Բորելին: 72-ամյա կատալոնացին Կատալոնիայի անկախության համոզված հակառակորդ է, նախարարական պորտֆելներ է ունեցել Իսպանիայում, 2004-2007-ին եղել է Եվրախորհրդարանի նախագահը: 2018-ին նա վերադարձավ քաղաքականություն՝ երկարատև դադարից հետո՝ դառնալով սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարության ԱԳ նախարարը:
RFI


Հ.Գ. ԵՄ առանցքային պաշտոններում հաղթեց Հին աշխարհը՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա: Իտալիան ևս անմասն չմնաց՝ ստանալով Եվրախորհրդարանի նախագահի պորտֆելը՝ երեկ իտալացի պատգամավոր, լրագրող Դավիդ Մարիա Սասոլին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ: ԵՄ համեմատաբար նոր անդամները, որ պատճառ էին տևական բանակցությունների՝ իրենց անհամաձայնության պատճառով, կարող են համարել, որ հաղթել են՝ նրանց առարկություններն անցան, բայց և ոչ ոք նրանցից չհայտնվեց ԵՄ ղեկավար պաշտոններում: Հիմնական ջուր պղտորողները Լեհաստանն ու Հունգարիան էին: ԵՄ նոր ղեկավարությունը աշխատանքի կանցնի աշնանը: Փաստացի նոր փոփոխություններ են լիելու և Բելգիայում, որ վարչապետ է կորցնում, և Գերմանիայում, որ ՊՆ նախարար է կորցնում, և Իսպանիայում, որ ԱԳ նախարար է կորցնում, և նոր նախագահ պետք է նշանակվի ԱՄՀ-ում: Քաղաքական կյանքը շարունակում է եռալ Եվրոպայում՝ շոգին զուգահեռ: ԵՄ չորս առանցքային պաշտոններից երկուսը կանանց հանձնելու որոշումից հետո ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ասել է. «Հրաշալի գենդերային հավասարակշռություն է: Ի վերջո Եվրոպան կին է»: Նա նկատի ունի առասպելը Եվրոպա անունով հավերժահարսի մասին:
ԵՄ ղեկավարների եռօրյա լարված քննակումները դուր չեկան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. «Մենք մեզ՝ Եվրոպական Միությունը, Եվրոպան վատ լույսի ներքո ենք ներկայացնում: Տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպան անլուրջ է պահում իրեն»: «Մեր հեղինակությունը լրջորեն տուժում է անվերջ նիստերի պատճառով, որոնք արդյունք չեն տալիս», - հայտարարել է Մակրոնը՝ կրկնելով մայիսյան իր թեզը, որ դեմ է ԵՄ հետագա ընդլայնմանը՝ բալկանյան երկրների հաշվին, քանի դեռ Եվրամիությունը չի բարեփոխվել՝ ավելի միասնական և հեշտ կառավարվող միություն դառնալու նպատակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ